Սևանի իշխան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխան
Սևանի իշխան | |
Սևանի իշխան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Actinopteri |
Կարգ | Salmoniformes |
Ընտանիք | Սաղմոններ (Salmonidae) |
Ցեղ | Salmo |
Տեսակ | Սևանի իշխան (S. ischchan) |
Միջազգային անվանում | |
Salmo ischchan | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող |
Սևանի իշխան (լատին․՝ Salmo ischchan), սաղմոնանմանների ընտանիքի ձուկ։ Էնդեմիկ տեսակ։ Տարածված է բացառապես Սևանա լճի ավազանում։ Մկանուտ, շարժուն ձկներ են, որոնք բազմացման շրջանում ծովերից անցնում են գետերը՝ ձվադրելու համար։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձուկն ունի տարբեր անուններ. բախտակ, բոջակ, գեղարքունի, Սևանի իշխան[1]։
Հայ ժողովուրդն այդ ձկանը տվել է «իշխան» հնչեղ անունը. իր վայելուչ արտաքին տեսքով, գրեթե անփուշ, համեղ մսով և կենսապայմանների նկատմամբ ունեցած բծախնդրությամբ իշխանն արդարացնում է իր ազնվացեղությունը։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է։ Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված, խոշոր, սև, երբեմն՝ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։
Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, քաշը՝ 400-600 գ[2]։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։ Հիմնական սնունդն են խեցգետնազգիների որոշ տեսակները, օրինակ՝ Amphipoda։
Ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխան տեսակը ընդունված է բաժանել 4 ցեղերի.
- ձմեռային բախտակ՝ (Salmo danilewskii),
- ամառային բախտակ՝ (Salmo ischchan aestivalis),
- գեղարքունի՝ (Salmo ischchan gegarkuni),
- բոջակ՝ (Salmo ischchan danilewskii)
որոնք միմյանցից տարբերվում են ձվադրման տեղերով ու ժամկետներով։
Երբեմն դրան ավելացնում են 5-րդ սեռը՝
- ալաբալախ՝ գետայինը։
Ձմեռային բախտակն ու բոջակը լճի ձկներ են, իսկ մյուսները՝ անցողիկ։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստերջ վիճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են։ Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով։ Միաժամանակ յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում։ Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խխունջներով, զանազան փափկամարմիններով։
Երբ պատրաստվում են բազմանալու կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, գունափոխվում են՝ դառնալով դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում։ Այդ շրջանում, որը ձվադրումից հետո տևում է 3-6 ամիս, իշխանը կոչվում է բախտակ, այնուհետև ձուկն ընդունում է իր նախկին տեսքը։
Ձմեռային իշխանն ու բոջակը ձվադրում են լճում՝ հոկտեմբեր-մարտին, իսկ ամառային իշխանն ու գեղարքունին բարձրանում են Սևան թափվող գետերի ակունքները և ձվադրում այնտեղ (ամառային իշխանը՝ մայիս-հունիսին, գեղարքունին՝ հոկտեմբեր-հունվարին)։ Ձվադրման համար էգը ջրի հատակին փոս է փորում, հետո արուի հետ ձկնկիթը ծածկում ավազով ու մանր խճաքարով, ապա հեռանում է։ Արուն 2-3 օր պահպանում է բույնը, այնուհետև լողում էգի մոտ։ Իսկ 2-3 ամիս անց ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ իշխանները։ Մատղաշը 8-12 ամիս գետակներում ապրելուց հետո իջնում է լիճ։ Ձմեռային իշխանը, ամառային իշխանը և գեղարքունին աճում են արագ. 3-5 տարեկանում ունենում են մոտ 40 սմ երկարություն, 400-600 գ զանգված։ Լճում հանդիպել են 15-16 տարեկան, 1 մ երկարությամբ և 16-24 կգ զանգվածով իշխաններ։
Իսկ բոջակը իշխանի գաճաճ սեռն է՝ 6-7 տարեկանում ունենում է ընդամենը 200 գ զանգված և մինչև 35 սմ երկարություն։ Ի տարբերություն իշխանի մյուս ենթատեսակների՝ բոջակը բույն չի կառուցում, այլ ձկնկիթը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների 10°С ջերմաստիճանում լցնում է լճի հատակին մոտ 1,5-ից մինչև 15 մ խորության վրա[3][4]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում իշխանը Սևանի ամենակարևոր արդյունաբերական ձկնատեսակն էր։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով իշխանի բազմացման պայմանները էապես վատացել են և ներկայումս այն վերացման եզրին է։ Ընդգրկված է «Կարմիր գրքում»։ Ներկայումս վերարտադրության համար կարևոր դեր են խաղում ձկնաբուծարանները։
Իշխանը լավ է հարմարվում տարբեր տեսակի մաքուր ջրավազաններում։ Դասական օրինակ է Իսիկ-Կուլ լճում դրա տարածումը, ուր այն կազմում է նոր, հատուկ տարատեսակ։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին։ Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ է։
Ձկնաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս միայն արհեստական պայմաններում է աճեցվում և բազմացվում ամառային իշխան. Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում ստեղծվել են ձկնաբուծարաններ։ Իշխանը, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում[5]։ 1978 թվականից որսն արգելված է։ Պահպանվում էր «Սևան» ազգային պարկում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սևանա լճի մակարդակի իջեցման պատճառով տեղի ունեցած կենսաբանական փոփոխությունների և գերորսի հետևանքով իշխանի պաշարները ներկայումս խիստ նվազել են[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решетников Ю. С., Котляр А. Н., Расс Т. С., Шатуновский М. И. Пятиязычный словарь названий животных. Рыбы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1989. — С. 69. — 12 500 экз. — ISBN 5-200-00237-0.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Севанская форель (Salmo ischchan) форель севанская, ишхан бахтак промысловый запас боджак гегаркуни эвтрофикация окрас внешний вид размер масса икра сезон размножения нерестит …
- ↑ zh:塞凡湖鱒
- ↑ «Ишхан или Севайская форель (Saimo ischchan)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ InterNevod: Севанская форель, ишхан
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևանի իշխան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 374)։ |